Հրաժարվել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց. ՌՀՄ-ի կոչը Հայաստանի իշխանությանը

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը Sputnik Արմենիայում
ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը Sputnik Արմենիայում
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ Երևանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության հնարավոր վավերացումը կհակասի հայոց պետականության շահերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել Հայաստանի իշխանությանը հրաժարվել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացից: ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի սոցկայքերում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ վավերացման որոշումն ուղղված է հայկական պետականության շահերի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության դեմ: Այդ անվտանգությունն այսօր երաշխավորում և ապահովում է Ռուսաստանը։
ՌՀՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի ազգային ժողովը քվեարկության ժամանակ առաջնորդվելու է առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի շուրջ 3 միլիոնանոց հայ համայնքի շահերի վրա` նշելով, որ սփյուռքահայությունը տասնյակ տարիների ընթացքում զգալի տնտեսական օգնություն է ցուցաբերում Հայաստանի բնակչությանը:
«Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ կարծում ենք, որ և՛ ՀՀ քաղաքացիներին, և՛ սփյուռքահայերին հետաքրքիր կլիներ իմանալ Հայաստանի վարչապետի և նախագահի դիրքորոշումը, նրանք կարող էին հրապարակավ արտահայտվել այդ կապակցությամբ»,-նշված է խնդրագրում:
Հայտարարության հեղինակները համոզված են, որ հարցը՝ հակառակ հավաստիացումներին, բացառապես քաղաքական, ոչ թե իրավական բնույթ է կրում:
Ինչ վերաբերում է ՀՀ ղեկավարության այն պնդմանը, թե նման որոշմամբ պայմաններ են ստեղծվում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների համար ՄՔԴ դիմելու համար, ապա ՌՀՄ-ն հիշեցնում է, որ Ադրբեջանը ՄՔԴ Հռոմի կանոնադրության մասնակից չէ: Բաքուն իրեն բնորոշ ոճով անտեսում է նման որոշումները, ինչպես, օրինակ, մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կայացրած որոշումը, որը պարտավորեցրել էր բացել Լաչինի միջանցքը։
ՌՀՄ-ն կոչ է անում ՀՀ իշխանությանը հավասարակշռված մոտեցում և ինքնուրույնություն ցուցաբերել և վերանայել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման հարցը:
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
Մարտի 27-ին ՌԴ ԱԳՆ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնել են, որ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել պաշտոնական Երեւանի՝ Հռոմի կանոնադրությանը միանալու ծրագրերը, ու որ Երևանին զգուշացրել են անցանկալի հետևանքների մասին: ՌԴ ԱԳՆ հայտարարությունը հնչել է ՌԴ ղեկավարության ձերբակալման օրդեր տալու ՄՔԴ որոշման ֆոնին։
Դեմա՞րշ Մոսկվայի դեմ, թե՞ անզգուշություն. փորձագետը՝ ՄՔԴ-ի շուրջ պատմության մասին