Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է. ԱՆ

Լաբորատոր հետազոտություն. Արխիվային լուսանկար
Մարտի 13–ին արված վերջին թարմացումից հետո ՀՀ–ում կարմրուկի դեպքերն ավելացել են 35-ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին թարմացումից հետո, որն արվել է մարտի 13–ին, ավելացել է ևս 35-ով:
«Այսպիսով, մարտի 29-ի ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է: 85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակներ:
Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների մասին հաջորդիվ կտեղեկացնի` ելնելով համաճարակաբանական իրավիճակից:
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Գերատեսչությունը կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, որոնք կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում չեն ստացել:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։