Արմեն Գրիգորյանը լատվիացի գործընկերներին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը

Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի հավանական էսկալացիայի մասին մտահոգությունները Գրիգորյանը հայտնել է լատվիացի գործընկերներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լատվիացի գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ անվտանգային միջավայրի մարտահրավերները, այդ թվում Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։
Գրիգորյանը մարտի 29-ին հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիս Տեյկմանիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յաանիս Կաժոչնիշի, Լատվիայի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Ինգրիդա Լևրենսի, ինչպես նաև Լատվիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաարիս Չեպուրիտիսի հետ։
«ԱԽ քարտուղարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրությունում։
Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։
Լատվիայի գործընկերները Հայաստանին անվտանգային հարցերում աջակցելու և ԵՄ առաքելությունն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել:
Հիշեցնենք` Գրիգորյանը մարտի 27-ին մեկնել է մերձբալթյան երկրներ։ ԱԽ գրասենյակից ավելի վաղ հայտնել էին, որ նա աշխատանքային հանդիպումներ կունենա Ռիգայում, Վիլնյուսում և Տալլինում: