Ուժգին փոթորիկ Աջարիայում, մեկ մարդ մահացել է. տեսանյութ

Քամին տապալել է նաև բազմամյա էվկալիպտի ծառեր, կաթվածահար է արել երթևեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Վրաստանի կազմում գտնվող Աջարիայի ինքնավար հանրապետությունում ուժգին փոթորիկ է տեղի ունեցել , որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում տալով «Ինտերպրեսնյուզ» գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Քոբուլեթի գյուղում։ Ծառը ընկել է մարդատար ավտոմեքենայի վրա, որում գտնվող մարդը մահացել է։
Կայքի տվյալներով ևս 3 հոգի տուժել է, որոնցից մեկը անչափահաս է։
Sputnik Գրուզիան գրում է, որ փոթորիկի հետևանքով Բաթումի քաղաքում պոկվել են տանիքներ, կաթվածահար է եղել կենտրոնական պողոտաներից մեկի երթևեկությունը։ Քամին տապալել է նաև բազմամյա էվկալիպտի ծառեր։
Կոտրվել են գովազդային վահանակներ, նրանցից մեկն ընկել է անցորդների վրա։
Ի դեպ, այս պահին Բաթումում է ընթացում Վրաստան-Նորվեգիա ֆուտբոլային հանդիպումը։ Մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիում պոկվել են ցանկապատերը և վնասվել մեքենաներ:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Բաթումում և հարակից շրջաններում վատ եղանակը կշարունակվի ևս մի քանի օր։ Ծովում սպասվում է 4-5 բալանոց փոթորիկ։
Տեղի բնակիչներն ասում են, որ նման բնական կատակլիզմներ երկար տարիներ չեն եղել ։