Տիեզերական տեխնոլոգիաներ և ոլորտի այլ հարցեր են քննարկել ԲՏԱ նախարարը և ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը

ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՀՀ–ում ԱՄՆ–ի նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության և թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին:
Դեսպան Քրիստինա Քվինը նշել է, որ կաշխատի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում առկա հարաբերությունների զարգացմանը: Նա անդրադարձել է Ամազոն Վեբ Սերվիսի (AWS) հետ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում SADA-ի հետ ստորագրված Համագործակցության հուշագրին, համոզմունք հայտնել, որ հուշագրերի կնքումը հիմք կծառայի ավելի սերտ և արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, ստարտափ էկոհամակարգի զարգացման, 5G ցանցի, ոլորտային ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված, ինչպես նաև կրթական, գիտահետազոտական ծրագրերի իրականացման ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար և ընդգծել փոխադարձ փոխայցելությունների կարևորությունը՝ հարաբերությունների խորացման գործում։