ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը 2022 թվականին կրճատվել է` հասնելով 40-ի, գործընթացը շարունակական է։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին այսօր զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ըստ հաղորդագրության` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները ներկայացրել են վարչապետի աշխատակազմի` 2022թ. գործունեության հաշվետվությունը:
Նշվել է, որ 2022թ. քաղաքացիներից ստացվել է մոտ 7900 դիմում։ Ընդհանուր առմամբ՝ 2020-2022թթ. այդ ցուցանիշը գերազանցել է 20.000-ը: Զեկուցվել է դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման աշխատանքների մասին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ 2022 թվականին մեկնարկել է Երևանի Բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակի» կառուցման գործընթացը: 2022թ. իրականացվել և այժմ ակտիվ ընթանում են Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները (առաջնությունը կայանալու է Երևանում 2023թ. ապրիլի 10-23-ը):
Հաշվետվությանը հաջորդել է մտքերի փոխանակությունը, որի շրջանակում քննարկում է ծավալվել ներկայացված թեմաների շուրջ:
Վարչապետը անդրադարձել է հանրային կառավարման բարեփոխումներին, որոնց շրջանակում պետք է դիտարկել աշխատակազմում մասնագիտական բարձր որակավորմամբ կադրերի ներգրավման հարցը:
Փաշինյանը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել իր հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը:
Քննարկման ավարտին նա տվել է կոնկրետ հանձնարարականներ: