Կանադայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Մելանի Ժոլին հայտնել է, որ Կանադան իր զորակցությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող ԵՄ դիտորդական առաքելությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, տեղեկանում ենք Կանադայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ մարտի 27-ին խորհրդարանի նիստի ժամանակ Ազատական կուսակցության անդամ Ջեյն Յիպը հարց է հղել Ժոլիին՝ Կանադայի կառավարությունն ի՞նչ քայլեր է արել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով` իր մտահոգությունը հայտնելով ստեղծված խնդրի առնչությամբ։
Ի պատասխան Ժոլին նշել է, որ կիսում է այդ մտահոգությունը և նշել` Կանադան շարունակում է կոչեր ուղղել Ադրբեջանի իշխանություններին Լաչինի միջանցքը բացելու, բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։
«Պետք է Լաչինում ստեղծված իրավիճակի դեմն առնել, որպեսզի այն էլ ավելի չվատթարանա»,–ասել է Ժոլին։
Նա հավելել է, որ Կանադան իր զորակցությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող ԵՄ դիտորդական առաքելությանը։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։