Ադրբեջանի պետական քաղաքականության մեջ մի գիծ կա, ըստ որի` ղարաբաղյան խնդիրն արդեն լուծված է, և իրենք կարողացել են ամբողջական վերահսկողություն հաստատել Արցախի նկատմամբ։ Դա ցույց տալու համար նրանք ուզում են հաջորդ տարրը դաշտ բերել և ցույց տալ, որ արցախահայերն իրենց հարցերը համաձայնեցնում են Բաքվի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, վերլուծելով Ադրբեջանի առաջարկները, այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հերթական անգամ առաջարկել է Բաքվում երկրորդ հանդիպումն անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Արցախյան կողմն էլ ասել է, որ կգնա հանդիպման միայն ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։
«Հիմա Ադրբեջանն իր օրակարգը կյանքի կոչելու համար ճնշումներ է գործադրում Արցախի վրա`առաջարկելով հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնել։ Եթե արցախցիները չեն գալիս Բաքու, նրանք կատարում են երկրորդ քայլը`ավելի դժվար կացության մեջ դնելով Լեռնային Ղարաբաղին»,–ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով` Բաքվում հաշվարկում են և կարծում, որ գործադրվող ճնշումները ներքին լարվածություն են առաջացնում Արցախում։ Նրանք ԼՂՀ էլիտային առաջարկում են լուծումներ այն հույսով, որ ներքին տարաձայնությունների արդյունքում ուժային ինչ-որ կենտրոն ի վերջո կհամաձայնվի Ադրբեջանի պահանջներին, և իրենք տեղում աշխատելու հնարավորություն կստանան։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն խոսքին, թե արդյոք կան երաշխիքներ, որ Բաքու գնալու դեպքում Արցախի ներկայացուցիչները ողջ-առողջ կվերադառնան, քաղաքագետն ընդգծեց, որ անվտանգության նման երաշխիքներ չկան, և ոչ-ոք Ադրբեջանին վստահելու որևէ հիմք չունի։
«Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունն աջակցում է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությանը, և երբ վարչապետին հարցնում են, թե Հայաստանը հետայսու շարունակելու է լինել արցախահայության անվտանգության երաշխավորը, Փաշինյանը խուսափում է պատասխանից։ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու ճնշումները հնարավոր են դառնում նաև այն պատճառով, որ Երևանից չկա դրան դիմադրություն։ Դիմադրություն ցուցադրում է միայն Արցախը, որտեղ իրավիճակն իսկապես շատ բարդ է ու դժվար»,– նշեց մեր զրուցակիցը։
Մելիք–Շահնազարյանի խոսքով` եթե Արցախի շահերը Հայաստանը չի պաշտպանում, բնականաբար ինչ–որ մեկը պետք է ստանձնի այդ առաքելությունը։ ԼՂՀ–ն այս պահին չի կարող դառնալ բանակցային լիարժեք կողմ կամ գործոն` ազդեցություն ունենալով այդ գործընթացի վրա։
«Ամեն դեպքում Ադրբեջանի պահանջները բավարարելու քաղաքականությունը ճիշտ ճանապարհը չէ, ոչ թե դա է մեծացնում Արցախի սուբյեկտայնությունը, այլ Ադրբեջանի պահանջներին դիմակայելը։ Արցախյան էլիտան պետք է քաղաքական կամք դրսևորի` հակազդելու Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությանը։ Չփորձեն նրանց հետ պայմանավորվել և նույնիսկ առկա դժվարագույն իրավիճակում դիմադրություն կազմակերպեն, ինչն իր հետ կբերի բանակցային գործընթացի վրա իրապես ազդելու, իսկ հետագայում նաև լիիրավ կողմ դառնալու հնարավորություն»,– ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք՝ Արցախում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցեր: Խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։
Երկու կողմերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ կայացել է մարտի 1-ին խաղաղապահ զորախմբի շտաբում` զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ։