ՀՀ իշխանության` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է. ՀՀԿ

ՀՀԿ գրասենյակը
ՀՀԿ–ն հիշեցնում է, որ նույն հարցի վերաբերյալ ՍԴ–ն 2004թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում: Ուստի, խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում փոփոխություն կատարելուց հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանությունների` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկախատեսելի հետևանքներով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ գործադիր մարմինը։
Հայտնել էինք, որ մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
«Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է և բոլորովի էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում: Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ՍԴ–ն բացահատորեն վերազանցել է իր լիազորությունները ու ակնհայտ ապօրինի որոշում կայացրել։ ՀՀԿ–ն հիշեցնում է, որ նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռևս 2004թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում: Միաժամանակ նշվում է նաև` քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն, ապա իրավական առումով Միջազգային քրեական դատարանի անդամակցության խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ–ի` 2004թ–ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ–ի Սահմանադրությանը հակասող։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՌԴ-ն չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանն ու նրա իրավասությունը. Պեսկով
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։