ԵՄ երկրները երկարաձգել են գազի սպառման սահմանափակումը

Գազատար
Եվրամիությունը դեռ 2022 թվականի ամռանը հաստատել էր կապույտ վառելիքի սպառման կամավոր կրճատման մասին որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԵՄ երկրները էներգետիկայի նախարարների խորհրդում երկարաձգել են գազի սպառման սահմանափակումը, թեև Լեհաստանն ու Հունգարիան դեմ են քվեարկել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Այսօր մենք դեմ քվեարկեցինք, բայց, ցավոք, բացի Լեհաստանից և Հունգարիայից, բոլորը կողմ էին այդ առաջարկին, ուստի կրկին կարգադրում են 15 տոկոսով կրճատել գազի սպառումը։ Սա նախորդ կարգադրության երկարաձգումն է։ Եվս մեկ անգամ ասում եմ, որ դա շատ վտանգավոր է», - ասել է Սիյարտոն, որի ելույթը հեռարձակվել է սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք` ՌԴ էներգակիրների մատակարարման հետ կապված դժվարությունների և ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելու ֆոնին ԵՄ-ն 2022 թվականի ամռանը որոշեց 15 տոկոսով կրճատել գազի սպառումը։
Եվրոպական միության վիճակագրական ծառայության տվյալներով` Եվրոպայի երկրները 2022 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի հունվարը վերջին հինգ տարվա նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշից 19,3 տոկոսով պակաս գազ են սպառել։ Եվրոպայի առանձին երկրներում գազի սպառումը նվազել է 40-50 տոկոսով։