ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ–ի թեկնածու են առաջադրել Էդգար Ղազարյանին

Էդգար Ղազարյան
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները որոշումը կայացրել են համատեղ նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու են առաջադրել Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Այսպիսով` այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, որոնք առնչվում են բացառապես Էդգար Ղազարյանին։ Իսկ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք` հունվարի 23-ին Քրիստինե Գրիգորյանը հրաժարվեց ՄԻՊ պաշտոնից։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։ Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Քրիստինե Գրիգորյանը կարող է գլխավորել նոր կազմավորվող արտաքին հետախուզության ծառայությունը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 21-ին հայտնեց, որ խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։