Ավինյանը շտապում է, իսկ իշխանությունը որոշել է չգնալ արտահերթ ընտրության ճանապարհով. ԶԼՄ

Տիգրան Ավինյան
Ըստ լրատվամիջոցի՝ Տիգրան Ավինյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո փորձել է նորից առաջ մղել արտահերթի ընտրությունների թեման, սակայն նրա այդ «գաղափարին» դեմ են եղել ՔՊ վարչության բոլոր անդամներն անխտիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Գործող իշխանությունը որոշել է չգնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ճանապարհով ու դրանք անցկացնել սեպտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է «Փաստ» օրաթերթը։
Ըստ պարբերականի` ՔՊ-ականները հույս ունեն, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում տարբեր միջոցներով կկարողանան մի փոքր շտկել «վարկանիշային կատաստրոֆան»:
«ՔՊ-ում դեռևս կան արտահերթի «երդվյալ» կողմնակիցներ, այդ թվում` փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որն այս պահին համարվում է ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու, այսինքն՝ ցուցակի առաջին համար»,- գրում է օրաթերթը:
ԶԼՄ–ն նշում է, որ Ավինյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո փորձել է նորից առաջ մղել արտահերթի ընտրությունների թեման, սակայն նրա այդ «գաղափարին» դեմ են եղել ՔՊ վարչության բոլոր անդամներն անխտիր: Մասնավորապես նշվել է, որ այս պահին, ըստ վերջին սոցհարցումների, Երևանում ՔՊ վարկանիշը հազիվ 15-16 տոկոսի շրջանում է:
«Ավելին` անհանգստացրել է այն հանգամանքը, որ, օրինակ, Մանե Թանդիլյանն այդ հարցման արդյունքներով «շնչում է իրենց ծոծրակին», իսկ չկողմնորոշվածների ու բոլորին դեմերի թիվն անցնում է հարցվածների կեսից ավելին»,- գրում է լրատվամիջոցը:
Ավինյանին նաև հիշեցրել են, որ ընտրություններին ոչ թե անհատները, այլ կուսակցություններ են մասնակցում, իսկ կուսակցության ցուցակը, այդ թվում՝ ցուցակի առաջին համարը, դեռևս հաստատված չեն։
Ըստ նույն աղբյուրի` Ավինյանին ակնարկել են, որ մինչ իր թեկնածության «հրապարակայնացումը» Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից ոմանք այլ անձանց են լոբբինգ արել որպես ՔՊ ցուցակի առաջին համարի թեկնածու:
Հիշեցնենք` Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պաշտոնից հեռանալու մասին Սարգսյանն անձամբ հայտնեց ավագանու արտահերթ նիստի ուղիղ եթերում։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լևոն Հովհաննիսյանը։