Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը դժվարությամբ չի կայացրել, քանի որ սիրում է Հայաստանը ու հպարտ է, որ հայ է։ Երիտասարդ ֆուտբոլիստն այդ մասին ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ զրույցում։
«Երբ զանգ ստացա Հայաստանից, խոսեցի ընտանիքիս հետ և պատասխանեցի, որ ցանկանում եմ հանդես գալ ազգային հավաքականում։ Ես երիտասարդ եմ ու ինձնից կախված ամեն բան կանեմ հավաքականին օգնելու համար»,– ասել է նա։
Ռանոսը պատմել է, որ ծնվել է Գերմանիայի Գերդեն քաղաքում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել հոր շնորհիվ, քանի որ նա խաղացել է տեղի թիմերից մեկում։
Հավաքականի նորեկը մեկ տարի խաղացել է «Բորուսիայում», այնուհետև առաջարկ է ստացել Մյունխենի «Բավարիայից» և այժմ խաղում է այնտեղ։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ռանոսին հրավիրել է ուսումնամարզական հավաքի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան- Թուրքիա խաղից և Կիպրոսի հետ ընկերական հանդիպումից առաջ:
Հիշեցնենք` մարտի 25-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Թուրքիայի թիմին և 1։2 հաշվով ցավալի պարտություն կրեց:
Մեր թիմը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։