Պահանջում են հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 1 մլրդ 21 մլն դրամ ու 2 գույք Վահագնի թաղամասում

Արխիվային լուսանկար
Դատախազությունը պահանջում է «Պոլի-Տրանսպորտ» ընկերության մասնակից Ս.Վ.-ից հօգուտ Հայաստանի բռնագանձումներ անել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն է վարույթ ընդունվել, տեղեկանում ենք ՀՀ դատախազությունից։
Մասնավորապես, դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Վ.-ից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել գումար և գույք։
Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործով առաջին վճիռն է կայացվել. ի՞նչ է որոշել դատարանը
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Վահագնի թաղամասում գտնվող 2 անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը` 316 մլն դրամ: Ինչպես նաև բռնագանձման է ենթակա 1 մլրդ 21 մլն դրամ՝ որպես փոխառություն տրամադրված գումարի, օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի և ապօրինի եկամուտների մնացորդի հանրագումար:
Հիշեցնենք, որ դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ պահանջում է «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ընկերության բաժնետեր Գ.Վ.-ից ապօրինի ծագում ունեցող գույքերը։ Մասնավորապես, Վահագնի թաղամասի Ն. Շնորհալի փողոցում գտնվող բնակելի տունը, 2 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը` 163 միլիոն դրամ: