Հեռու չէ գաղափարի իրագործումը, որը ՀՀ–Իրան առևտրաշրջանառությունը 3 մլրդ–ի կհասնի. Զոհուրի

Աբբաս Բադախշան Զոհուրի
Երևանում մեկնարկել է Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի 35 ուսանողների և թավրիզցի արվեստագետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հեռու չէ գաղափարի իրագործումը, որ առաջիկա տարիներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 3 միլիարդ դոլարի կհասնի։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Նշենք, որ Երևանում մեկնարկել է Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի 35 ուսանողների և թավրիզցի արվեստագետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը։
«Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են առևտրաշրջանառության ծավալները մեծացնել, և վերջին տարիներին 250 միլիոն դոլարի հասնող առևտրաշրջանառությունը կարողացել ենք 750 միլիոնի հասցնել»,–ասաց դեսպանը։
Նրա խոսքով` բացի այդ, Իրանի և Հայաստանի միջև առկա պատմական կապերը մշակույթի տարբեր ճյուղերում հարաբերությունները զարգացնելու հնարավորություն են տալիս։ Զոհուրին նշեց, որ որպես ժառանգություն Հայաստան-Իրան լավ կապեր են ստացել, սակայն վերջին տարիներին է՛լ ավելի են ակտիվացել Իրանի և ՀՀ–ի միջև տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը։ Սակայն, ըստ նրա, դեռևս մեծ բաց կա, քանի որ երկու երկրների բնակիչներն էլ տեղեկացված չեն երկու երկրների մշակույթի որոշ դրվագների։
Պետք է Բաքվին պահել մշտական լարվածության մեջ. քաղաքագետը՝ Իրանի ռազմական ակտիվության մասին
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին ասաց, որ միջոցառումը միջմշակութային երկխոսություն է 2 երկրների միջև, ինչպես նաև հնարավորություն երկու երկրների միջև առկա բարեկամական կապերն ամրապնդելու։ Բացի այդ, միջոցառումը հետաքրքիր է նաև տնտեսական ոլորտին. «Սա իրական հնարավորություն է համագործակցության»։
Ապրեսյանը հիշեցրեց, որ օգոստոսի 10-11-ին էլ Սիսիանում կկայանա հայ–իրանական մշակութային խոհանոցային փառատոնը` Նավասարդը։
Ի դեպ, մեկ ամիս անց Թավրիզում կկազմակերպվի հայ ուսանողների և արվեստագետների գործերի ցուցադրություն–վաճառք։
Հիշեցնենք, որ դեռ 2022-ի նոյեմբերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ Իրանի նպատակն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի։