Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջխաղացում կատարել

Շուշիի ճանապարհը. Արխիվային լուսանկար
ՊԲ զինծառայողները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հիշեցնենք` Արցախի տեղեկատվական շտաբն մարտի 25–ին հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:
Ավելի ուշ հրապարակվեց ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագիրը, որում ասվում էր` Ադրբեջանի ԶՈւ 25-րդ ստորաբաժանումը հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունքներից մեկն ու սկսել է դիրքի ինժեներական կահավորումը։ Նշվում էր նաև, որ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու և կողմերի փոխադարձ սադրանքները կանխելու համար։
Հետո հայտնի դարձավ, որ Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ՌԴ խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքում և վերահսկում են այն: