Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող արցախցիների ուղղությամբ

Գյուղատնտեսական աշխատանքներ
Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
«Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին»,– ասված է հաղորդագրությունում:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել:
Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Ադրբեջանը կրակ է բացել Ճարտարում գյուղաշխատանքներ իրականացնող մարդկանց ուղղությամբ