ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ռուսաստանը Չինաստանի հետ ռազմական դաշինք չի ստեղծում և չի սպառնում որևէ երկրի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պավել Զարուբինին «Ռոսիա - 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան ու Պեկինը առանցք են ստեղծում, և դա սպառնալիք է Արևմուտքի համար:
«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», - ասել է նա:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի համագործակցության մեջ ոչ մի գաղտնի բան չկա, դա ռազմական դաշինք չէ, ի տարբերություն տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունների:
«Այո, մենք ունենք համագործակցություն նաև ռազմատեխնիկական փոխգործակցության ոլորտում։ Մենք չենք թաքցնում։ Մեզ մոտ ամեն ինչ թափանցիկ է», - նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը զորավարժություններ են անցկացնում, բայց չէ որ ՌԴ-ն զորավարժություններ է անցկացնում ոչ միայն Չինաստանի, այլև այլ երկրների հետ:
«Նույնիսկ մինչ օրս շարունակում ենք՝ չնայած Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի իրադարձություններին։ Մենք շարունակում ենք: Ամեն ինչ թափանցիկ է: Բայց դա ռազմական դաշինք չէ։ Իսկ ի՞նչ են անում Միացյալ Նահանգները։ Նրանք նորանոր դաշինքներ են ստեղծում», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Նա ընդգծել է՝ դա հիմք է տալիս արևմտյան վերլուծաբաններին և քաղաքագետներին խոսելու այն մասին, որ Արևմուտքը նոր առանցքներ է կառուցում։