ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանի բազմաբնակարան շենքերի 80 տոկոսից ավելին կառուցվել է 6-7 բալի հաշվարկով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«Եթե մինչև 1950-1988թթ. կառուցված շենքերի և շինությունների գերակշիռ մասը նախագծվել է 6-7 բալի հաշվարկով (80% և ավելի), ապա Սպիտակի երկրաշարժից հետո շենքերը նախագծվել և կառուցվել են 9-10 բալանոց երկրաշարժերին դիմանալու համար»,– ասված է կոմիտեի պատասխանում։
Ստացվում է, որ գերակշիռ մասը կառուցվել է նախկին նորմերին համապատասխան։
«1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո վերանայվել են ՀՀ տարածքի սեյսմիկ պայմանները, կազմվել է սեյսմիկ վտանգի գոտիավորման նոր քարտեզը։ Բացի այդ, ՀՀ տարածքի նախկինում ընդունված նվազագույն վտանգի մակարդակը մեծացել է 1.5 անգամ, իսկ առավելագույն վտանգի մակարդակը մեծացել է 1.25 անգամ»,–ասված է պատասխանում։
Միաժամանակ նշվում է նաև, որ նոր շենքերն ու շինությունները կառուցվում են հիմնականում միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով։ Այսինքն` կիրառվում են շենքերի և շինությունների նախագծման հատուկ չափորոշիչներ՝ սեյսմակայունության տեսանկյունից տարածքի բարենպաստ պայմաններ, հատուկ կոնստրուկտիվ լուծումներ, որոնք մեծացնում են շենքերի ամրությունը։ Իսկ մինչև 1988թ. կառուցված շենքերը կարելի է դասել մի քանի խմբերի՝ քարե պատերով շենքեր, հավաքովի տարրերից երկաթբետոնե հիմնակմախքով շենքեր, հավաքովի երկաթբետոնե խոշորապանել շենքեր:
Նշվում է նաև, որ 2015-ից մարտի 19-ի N596-Ն որոշման համաձայն՝ 4 և ավելի հարկայնության բազմաբնակարան շենքերը համարվում են կարևորագույն նշանակության օբյեկտներ, ուստի դրանց նախագծային փաստաթղթերը պարզ փորձաքննությունից բացի, պետական համալիր փորձաքննության են ենթարկվում։
Հավելենք նաև, որ Հայաստանում կա վնասվածության 4-րդ աստիճանի 90 շենք և վնասվածության 3-րդ աստիճանի 524 շենք։
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց` այն պնդումը, թե այժմ շենքերը կառուցում են 9-10 բալին համապատասխան, իրականությանը չի համապատասխանում, ինչի ապացույցը շատ հեշտ է գտնել։
«Եթե Երևանում 9-10 բալանոց երկրաշարժ լինի, ապա շենքերի առնվազն 80 տոկոսը փլվելու է, իսկ մնացածն էլ այն վիճակում է հայտնվելու, որ հնարավոր չի լինի այլևս վերականգնել։ Բացի այդ, մենք կունենանք 300 000 զոհ։ Գնացեք և մտեք նորակառույց շենքեր` թե՛ այնտեղ, որտեղ մարդիկ արդեն ապրում են, թե՛ այն շենքեր, որոնց կառուցումը դեռ ընթացքի մեջ է։ Բոլորը հիմա արդեն ճաքեր ունեն։ Եթե այսպիսի վիճակում են մինչև երկրաշարժը, ապա ի՞նչ կլինի դրանց հետ երկրաշարժից հետո»,– ասաց Մելքումյանը` հիշեցնելով, որ 2021 (Երևանում` 5-6 բալ) և 2022 թթ. (3 բալ) փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ Երևանի որոշ շենքերում ճաքեր էին առաջացել, քարեր թափվել։
Միաժամանակ նա նշեց, որ ներկայիս սեյսմիկ նորմերը շատ ավելի կոշտ են, քան ԽՍՀՄ–ում գործողները։ Սակայն այն հանգամանքը, որ հիմա կառուցում են միաձույլ շենքեր, չի նշանակում, որ դրանք հուսալի են։ Շենքի կառուցման գործընթացը մի քանի փուլով է իրականացվում` սկզբում կառույցի նախագիծն է արվում, հետո փորձաքննությունը, և շինթույլտվությունը ստանալուն պես սկսում են շինարարությունը, որը պետք է վերահսկվի մասնագետների կողմից։ Այս բոլոր փուլերում, ըստ Մելքումյանի, գրագետ մասնագետներ չունենք, իսկ ոլորտը կոռումպացված է։
«Տեսե՛ք` լիցենզիաներ են տալիս բազմաթիվ ընկերությունների, որոնք չունեն ճիշտ շենքեր նախագծելու անհրաժեշտ պատրաստվածություն ։ Բացի այդ, այն, ինչ կատարվում է փորձաքննության ոլորտում, ընդհանրապես խայտառակություն է. շինարարը կամ պատվիրատուն ինչ ասի, այդպես էլ գրում են փորձաքննության արդյունքը։ Այսինքն` ստացվում է, որ բոլոր շենքերը շատ լավն են, և նույն բանն էլ քաղաքաշինության կոմիտեն է ասում»,–նշեց Մելքումյանը։
Ինչ վերաբերում է շինարարության փուլին, ապա, ըստ նրա, գրագետ շինարարական ընկերություններ ևս չունենք։ Այս ամենին գալիս է հաջորդելու տեխնիկական հսկողությունը, իսկ տեխնիկական հսկիչը մի մարդ է, որը, մասնագետի խոսքով, ուղղակի կախված է շինարարից, քանի որ վերջինս է վճարում նրան։ Մելքումյանի խոսքով` շինարարն ինչ թուղթ տա, հսկիչը կստորագրի։
Նա քանիցս դիմել է ՊՎԾ, որպեսզի ստուգումներ անեն կոնկրետ շենքերում, սակայն նրա նամակներին միշտ պատասխանել են մի բան, որը որևէ առնչություն չի ունեցել իր ասածի հետ։ Մելքումյանի խոսքով` պատկան կառույցներին թվում է, որ շենքեր են ստեղծում, որտեղ կարելի է ապահով ապրել, սակայն իրականում մարդն անապահով է դրանցում։