ՀՀ ՆԳՆ–ն պատրաստ է աջակցել ԱԹՍ–ների մրցույթին․ փոխնախարար

Արփինե Սարգսյանը կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ հանդիպմանը
Այս տարի «Հաւք 2023» մրցույթը կանցկացվի սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի ներքին գործերի նախարարությունը պատրաստ է աջակցել Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի նախաձեռնած «Հաւք» անօդաչու թռչող սարքերի ստեղծման մրցույթին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ զրույցում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
ՆԳ փոխնախարարին են ներկայացվել մրցույթի անցկացման մանրամասներն ու նպատակները։
Սարգսյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, որոնք միտված են բարձրացնել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:
Հանդիպմանը քննարկվել են մրցույթի անցկացմանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։
Նշենք, որ «Հաւք» մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարար միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով լուծումներ առաջարկելը: Այն անցկացվում է երեք անվանակարգում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված։ Մասնակից խմբերին առաջադրվում են համապատասխանաբար պարզ, միջին և բարդ խնդիրներ։
Այս տարի «Հաւք 2023» մրցույթը կանցկացվի սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում: Հայտերի ընդունումն արդեն սկսվել է։ Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մարտի 16-ից ապրիլի 5-ը։ Հայտերն ընդունվում են հետևյալ հղմամբ։