Ամուր կապեր և ընդհանուր արժեհամակարգ. Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է երկու երկրների միջև առկա բազմաշերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայ-հունական միջպետական հարաբերությունները խարսխված են ամուր ավանդական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է Նիկոլ Փաշինյանի` Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի առթիվ հղած ուղերձում:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Հունաստանի եղբայրական ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով բարօրություն, առաջընթաց և խաղաղություն»,–նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ ամուր ավանդական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված հայ-հունական միջպետական հարաբերություններն աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ։
«Վստահ եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ և շարունակաբար զարգացող փոխգործակցությունն ապագայում ևս կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, ներառյալ Հայաստան-Եվրամիություն համագործակցության համատեքստը, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շրջանակը»,–նշել է վարչապետը:
Փաշինյանը վերահաստատել է երկու երկրների միջև առկա բազմաշերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստականությունը ՝ ի նպաստ հայ և հույն բարեկամ ժողովուրդների:
Երկկողմ կապերի առկա ներուժը կընդլայնվի. Խաչատուրյանն ուղերձ է հղել Հունաստանի նախագահին