ՆԱՏՕ–ի ընդլայնումը դեպի արևելք սպառնալիք է Թուրքիայի համար. նախագահի թեկնածու

Փերինչեքի խոսքով` իշխանության գալու դեպքում ինքը Արևելյան միջերկրածովում Ռուսաստանի հետ համերաշխություն կապահովի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՆԱՏՕ–ի ընդլայնումը դեպի արևելք կուժեղացնի սպառնալիքը Թուրքիայի համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը։
Ավելի վաղ Փերինչեքը դիմում էր ներկայացրել Բարձրագույն ընտրական խորհուրդ մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններում նախագահի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա պետք է 100 հազար ստորագրություն հավաքի։
«Ներկայում Ռուսաստանը Թուրքիայի առաջադեմ դաշնակիցն է։ ԱՄՆ իմպերիալիզմի և Ուկրաինայում նրա խաղաքարտերի դեմ պայքարը նաև Թուրքիայի պայքարն է։ Քանի որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք Թուրքիայի համար սպառնալիքի ուժեղացում է նշանակում, մենք Ռուսաստանի կողքին կլինենք ուկրաինական ճակատում։ Երկար տարիներ Ռուսաստանը մեր խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է։ Թուրքիայի և Ռուսաստանի տնտեսությունները լրացնում են մեկը մյուսին։ Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը Ռուսաստանում է։ Այդ իսկ պատճառով մենք ամրապնդելու ենք Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերը», – ասել է Փերինչեքը։
«Հայրենիք» կուսակցությունը ձախակողմյան շարժում է, որը հիմնված է Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դիրքորոշումների վրա, հակաարևմտյան և հակաամերիկյան ուղղվածություն ունի։