ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պնդմամբ` իր ղեկավարության օրոք ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում Հայաստանի կողմից ուղարկված գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ Նիկոլ Փաշինյանի վարած դիվանագիտության ընթացքում, ցավոք, թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկնքում։ Այս մասին Սարգսյանն ասաց Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ես չգիտեմ, թե ինչ կտա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որովհետև շատ բան է խառնվել։ Մենք հրապարակել էինք մեր բանակցային փաթեթը, դուք տեղյա՞կ եք՝ իրենք ինչի մասին են բանակցում, ի՞նչ են խոսում։ Հաճախ կրկնում են, որ առանց նախապայմանների է, շուտ-շուտ կրկնում են, որ հանկարծ չմոռանան, բայց մենք ի՞նչ գիտենք՝ առանց նախապայմանների՞ է, թե՞ նախապայմաններով»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ իրենց իշխանության ժամանակ նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր կամ տնտեսական կապերը, այլ Հայաստանի անվտանգությունն ապահովելը։
«Մեր ցանկությունն էր, որ Թուրքիային հեռու պահենք գոնե Ադրբեջանին բացահայտ ռազմական աջակցություն ցույց տալուց։ Եթե մի սկզբունքային որոշում ես կայացնում, ապա ինքդ քո ներսում հաշվարկում ես՝ եթե ստացվի, ինչն է լինելու օգուտը, եթե չստացվի՝ ինչ է լինելու օգուտը։ Մենք բավականին օգուտներ քաղեցինք, որովհետև միջազգային հանրությունը համոզվեց, որ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք»,– նշեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների առաջին խաղը տեղի է ունեցել Երևանում` 2008 թվականի սեպտեմբերին։ Պատասխան խաղը Բուրսայում էր` 2009–ի հոկտեմբերին։
Երևանում Սերժ Սարգսյանը խաղը դիտում էր Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի հետ։ Դա Թուրքիայի առաջնորդի առաջին այցն էր Հայաստան։
Հենց այս իրադարձություններից հետո էլ, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտություն» հասկացության սկիզբը դրվեց։
Նշենք, որ վաղը՝ մարտի 25-ին, տեղի է ունենալու երկու երկրի ֆուտբոլի ազգային հավաքականների 3-րդ հանդիպումը։