ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Երբևէ մեր խաղացողներն այսքան լավ հոգեբանական և ֆիզիկական վիճակում չեն եղել, հայտարարեց Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացված ասուլիսում։
«Մեր նպատակը Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելն է և Գերմանիա մեկնելը։
Հայկական ֆուտբոլը իսպանական ֆուտբոլի ազդեցության տակ էր, բայց հիմա գլխավոր մարզիչը փոխվել է, նորեկներ և երիտասարդներ ունեք «Բավարիայի» երկրորդ թիմից, Ռուսաստանի երիտասարդական հավաքականից և նախկին վերլուծությունները հաշվի չեմ առնի։ Ես կկենտրոնանամ իմ թիմի և վաղվա խաղի վրա։ Պարտվելու սցենար ես չեմ դիտարկում։
Երբևէ մեր խաղացողներն այսքան լավ հոգեբանական և ֆիզիկական վիճակում չեն եղել։ Իհարկե, երկրաշարժը բացասական հետևանք ունեցել է խաղացողների վրա։ Որոշակի լարվածություն է առաջացնում նաև այն, որ մրցակիցը Հայաստանի հավաքականն է»,- նշեց Շտեֆան Կունցը։
Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Չենգիզ Ունդերն իր հերթին նշեց.
«Ազգային հավաքականում խաղալը, բնականաբար, մի առանձնահատուկ զգացողություն է: Կարծում եմ, որ մեր թիմը շատ ուժեղ վիճակում է և պատրաստ է վաղվա խաղին: Նպատակ ունենք 3 միավոր վաստակել վաղվա խաղում և արդեն պատրաստվել Խորվաթիայի դեմ խաղին: Ընդհանուր, հավաքականի ներսում վիճակը կգնահատեմ շատ լավ. ընկերական միջավայր ու լավ մարզավիճակ է բոլորի մոտ:
Մխիթարյանն իմ լավ ընկերն է, մի մարդ, որի փորձառությունից ես շատ օգտվել եմ և կապի մեջ եմ եղել նրա հետ: Իրականում, Մխիթարյանի մասնակցել-չմասնակցելը մեզ համար կարևոր չէ: Մենք մի նպատակ ունենք՝ հաղթել վաղվա խաղում և ուրախ վերադառնալ Թուրքիա»,-ասաց նա:
Հայաստանի ու Թուրքիայի հավաքականները նախկինում պաշտոնական երկու խաղ են անցկացրել իրար դեմ։ 2008 թվականին Երևանում և 2009 թվականին Բուրսայում միևնույն 2։0 հաշվով հաղթել է Թուրքիայի հավաքականը։
Ում նյարդերը ավելի պինդ կլինեն և ում կուղեկցի հաջողությունը թիմերի պաշտոնական երրորդ խաղում՝ պարզ կդառնա մարտի 25-ին։ Երկու հավաքականներն էլ պատրաստ են խաղին, բայց այս պահին Հայաստանի հավաքականը արդեն առավելություն ունի, քանի որ «Հանրապետական» մարզադաշտը 14 հազարից ավելի հայ երկրպագուներով ձգտելու է ապահովել մեր թիմի առավելությունը։