ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել ՆԳՆ բարեփոխումներին. Ղազարյանն ընդունել է Քվինին

Անդրադարձ է կատարվել ՆԳՆ կրթահամալիրի, ջրային պարեկային ծառայության ձևավորման աշխատանքներին ու ծառայություններում կանանց ներգրավվածությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու արդյունավետ գործընկերությունն ու աջակցելու ներքին գործերի նախարարությանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ՆԳՆ լրատվական ծառայութույունից։
«Քրիստինա Քվինը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցել ներքին գործերի նախարարության կողմից նախաձեռնած բարեփոխումներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում անդրադարձ է կատարվել ՆԳՆ կրթահամալիրի, ջրային պարեկային ծառայության ձևավորման աշխատանքներին ու ծառայություններում կանանց ներգրավվածությանը։
Վահե Ղազարյանն իր հերթին ընդգծել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի աջակցությունը՝ ուղղված ոստիկանությանը։
Բարձր է գնահատվել նաև ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից փրկարար ծառայությանը ցուցաբերած աջակցությունը։