Պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներն այլևս բյուջեում առանձին չեն արտացոլվի

Ֆինանսների նախարարության նոր նախաձեռնությամբ առաջարկվում է բյուջեում առանձին միջոցառման տեսքով կենտրոնացված միջոցները բաշխել իշխանության մարմիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներն այլևս բյուջեում առանձին չեն արտացոլվի։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
Նախագծի հեղինակը ֆինանսների նախարարությունն է։
Բանն այն է, որ մինչ օրս արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցները ՀՀ պետական բյուջեում ներկայացվել են առանձին տողով` «արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» միջոցառման մեջ։
Իսկ գումարները հատկացվել են յուրաքանչյուր գործուղման համար` ՀՀ վարչապետի համապատասխան որոշման հիման վրա:
Ֆինանսների նախարարության նոր նախաձեռնությամբ առաջարկվում է բյուջեում առանձին միջոցառման տեսքով կենտրոնացված միջոցները բաշխել իշխանության մարմիններին` դրանք ներառելով տվյալ կառույցի պահպանման ծախսերում` որպես «արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներ»:
Որոշման նախագիծն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
Նախագծի հեղինակների համոզմամբ, առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող արտասահմանյան գործուղումների ծախսերի հատուցման ընթացակարգերը: