ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ Սյունիքի մարզում ռուս զինծառայողների վիրավորումն ու միջադեպին Մոսկվայի հնարավոր արձագանքը՝ ասելով, որ այն պարտադիր չէ, որ հրապարակային լինի:
Սյունիքի մարզպետարանը մարտի 22-ին հայտնել էր, որ Գորիսի բժշկական կենտրոն են դիմել երկու ռուս զինվորականներ՝ գլխի վնասվածքներով: Ստանալով բուժօգնություն՝ նրանք դուրս են գրվել։ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ավելի ուշ Sputnik Արմենիային հայտնեց, որ զինվորականները վիրավորվել են ադրբեջանական ԶՈւ-ի կողմից նրանց մեքենայի գնդակոծության հետևանքով այն պահին, երբ մասնակցում էին մոլորված և կորած հայ պայմանագրային զինծառայողի որոնմանը։
Այսօր ճեպազրույցի ժամանակ Զախարովան դեպքի առնչությամբ հայտարարել է, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են պաշտպանության նախարարության միջոցով: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին։ Երբ այդ արդյունքները լինեն, նա կկարողանա գնահատական տալ:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արձագանքը միայն հրապարակային չի լինում։
«Ամենատարբեր մակարդակներում երկխոսություն կա։ Եվ եթե ինչ-որ բան չի ասվում հրապարակային, ապա դա չի նշանակում, որ այն չի ասվում հեռախոսով, անձամբ, պաշտոնական գրագրություններում և այլն»,–ասել է նա։
Զախարովան պարզաբանել է, որ տարբեր դաշնակիցների, գործընկերների, բարեկամների հետ Ռուսաստանը սեփական դիրքորոշումը հայտնելու տարբեր ձևեր ունի: