Լաչինի մասին որոշումը չկատարելու հարցով Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդեռլանդների ԱԳՆ

Նիդերլանդների խորհրդարանը. Արխիվային լուսանկար
Նիդեռլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային Լաչինի միջանցքի հարցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Նիդեռլանդների արտգործնախարարությունը Ադրբեջանի դեսպանին ԱԳՆ է հրավիրել և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին: Տեղեկանում ենք Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ֆեյսբուքյան էջից։
Նիդեռլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման առնչությամբ: Վոբկե Հոկստրան պատասխան նամակում համաձայնել է խորհրդարանականների այն նկատառման հետ, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը:
Նիդեռլանդների արտգործնախարարը խմբակցություններին ուղղված նամակում ընդգծել է, որ միջազգային դատարանի որոշումներն իրավականորեն պարտավորեցնող են, ինչի կապակցությամբ էլ Նիդեռլանդներն Ադրբեջանի իշխանություններին հրապարակայնորեն կոչ է արել կատարել որոշումը:
Նշվել է նաև, որ Հոկստրան քանիցս իր մտահոգություններն է բարձրացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաև Նիդեռլանդների վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջերս կայացած հանդիպման ընթացքում:
Նիդեռլանդների արտգործնախարարը նշել է, որ երկրի կառավարությունը չի կիսում դատարանի որոշման առնչությամբ Ադրբեջանի մեկնաբանությունները։ Հոկստրան շեշտել է, որ դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։