Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատ է․ «Ժողովուրդ»

Գագիկ Խաչատրյան
Օրաթերթը ներկայացրել է պատճառը, թե ինչու ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը չի ներկայացել դատական նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ դատարան չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Խաչատրյանի առողջական վիճակը վատ է. դա է պատճառը, որ դատարան չի ներկայացել»,-նշել է լրատվամիջոցը։
Ինչպես հայտնի է, հունվարի 18-ին Գագիկ Խաչատրյանին դատարանը թույլատրել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով։ Նա 2023 թվականի հունվարի 20-ից մինչև փետրվարի 10-ը բացակայել էր երկրից, և չնայած մեղադրող դատախազը դեմ էր՝ մտավախություն հայտնելով, որ Խաչատրյանը Հայաստան չի վերադառնա, այնուամենայնիվ, Խաչատրյանը վերադարձավ:
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված 25 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում բռնագանձման ենթակա է 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում։
Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար:
Բռնագանձման ենթակա գույքի ցանկում է նաև նախկին պաշտոնյային պատկանող շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում։