Երևանում ոստիկանները հայտնաբերել են կիլոգրամներով թմրամիջոց, հրազեն, խոշոր չափերի գումար

Ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում ոստիկանները հայտնաբերել են նաև ոսկու ձուլակտորներ և ադամանդե քար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում ոստիկանները հայտնաբերել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51 900 դոլար և 187 700 եվրո, տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական էջից։
«Հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ։ Մասնավորապես, 23 գրամից ավելի կոկաին, 627 գրամից ավելի մեթամֆետամին, 1 կգ 435 գրամ մարիխուանա, 237 գրամ էքստազի, 8 գրամից ավելի հերոին, հաշիշի յուղ, ափիոն, մեթադոն և այլ թմրամիջոցներ։ Հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի մեծաքանակ հոգեմետ դեղահաբեր, այդ թվում՝ սուբուտեքս, պրեգաբալին, դիազեպամ, լորազեպամ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ այդ ամենին զուգահեռ հայտնաբերվել են նաև ոսկյա մատանիներ և շղթաներ, ոսկե մետաղադրամներ, ոսկու ձուլակտորներ և ադամանդե քար։
43-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։