Երբ Արևմուտքը հայտնվեց հայ–ադրբեջանական կարգավորման հարցում, խնդիրներ առաջացան. Զախարովա

Զախարովան կարծում է, որ Արևմուտքի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը ինչ-որ կերպ չի դրսևորվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մոսկվային անհանգստացնում է թշնամական հռետորաբանության աճն ու միջադեպերի թվի ավելացումը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև կողմերի` Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու անպատրաստությունը։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի։ Դրանում մենք հաստատակամ ենք և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը։ Մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում իրենց հայտարարություններում և գործողություններում»,– նշել է Զախարովան։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր հարցերի շուրջ բանակցությունների վերսկսման օգտին` ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, հասարակական գործիչների, խորհրդարանականների հանդիպումների անցկացումը:
Խաղաղության փաստաթղթի ստորագրման միայն 1 պատճառ կարող է լինել. Աբրահամյանն ասաց` որն է դա
«Անընդհատ հարցնում են` ինչպես եք գնահատում Արևմուտքի ներգրավվածությունը կարգավորման հարցում։ Երբ Արևմուտքը հայտնվեց կարգավորման հարցում, անմիջապես ի հայտ եկան լայնածավալ խնդիրներ։ Արևմուտքի` խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում մենք տեսնում ենք այլ մտադրություններ»,–ասել է նա։
Նա նաև նշեց, որ Բլինկենի՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ մեկնաբանություններ չունի: Զախարովան կարծում է, որ Արևմուտքի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը ինչ-որ կերպ չի դրսևորվում։
«Չէ՞ որ դա պետք է ինչ-որ դրսևորում ունենա, իսկ մենք պետք է տեսնենք այն հաջողությունները, որոնք բխել են նրանց գործողություններից։ Այստեղ պարզապես չկա դա։ Փաստերն ինչ-որ կերպ չեն խոսում նրանց կառուցողական դերի մասին։ Այդ հարցին մենք այսպես ենք վերաբերվում»,– ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել: