Դատարանը բավարարել է Գևորգ Պետրոսյանի ձերբակալության իրավաչափության վիճարկման բողոքը

Գևորգ Պետրոսյան
Առաջին ատյանի դատարանը հաստատել է, որ ձերբակալության ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքները խախտվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլխավորությամբ, այսօր բավարարել է ԵՊՀ դասախոս, փաստաբան Գևորգ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության վիճարկման կապակցությամբ ներկայացված բողոքը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Դատարանը հաստատել է ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը՝ նրան պարզաբանելով ՀՀ օրենսդրությամբ հատուցում ստանալու նրա իրավունքը և կարգը»,– ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ մարտի 12–ի վաղ առավոտյան Գևորգ Պետրոսյանը հայտնեց, որ իրեն ձերբակալել են ծիծաղելի հոդվածով։
Փաստաբան Ասլանյանն ավելի ուշ հայտարարեց, որ Պետրոսյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով։
ՀՀ ոստիկանությունից էլ հայտնեցին, որ պարեկները Աբովյան–Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, որի վարորդն անկանոն է վարել մեքենան ու փորձել են կանգնեցնել նրան։ «Կանգ առ» օրինական պահանջին վարորդը չի ենթարկվել, հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգման, ինչպես նաև սպառնացել է պարեկներին ու փախուստի դիմել։ Իրավապահները Ծարավ աղբյուրի փողոցում հետապնդել են վարորդին, արդյունքում կարողացել են հարկադրաբար կանգնեցնել մեքենան։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը Գևորգ Պետրոսյանն ազատ արձակվեց։