Ադրբեջանը խոսում է պատմական քարտեզներով դելիմիտացիայի մասին, որն անընդունելի է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսին. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի գործելակերպն է պատճառը, որ հայկական կողմը շարունակում է պնդել, որ բանակցությունների համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզներով դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է, քանի որ հակասում է գրավոր պայմանավորվածություններին։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ի ելույթին։
Նա նշեց, որ այդ ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել` Իլհամ Ալիևը բացահայտ ասաց, թե ՀՀ–ն պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։
«Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ–ի նկատմամբ, և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել»,–ասաց Փաշինյանը` հիշեցնելով Պրահայում և Սոչիում ընդունված հայտարարությունները։
Նրա խոսքով` այդ հայտարարությունից հետո, որն ուղիղ արձանագրում է այն հանգամանքի, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վերածվել են պետական սահմանների, Ադրբեջանը խոսում է պատմական քարտեզներով դելիմիտացիա անելու մասին։
Վարչապետը շեշտեց, որ պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի գործելակերպն է պատճառը, որ հայկական կողմը շարունակում է պնդել, որ թե՛ ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ ԼՂ ժողովրդի անվտանգության հարցով Ստեփանակերտ-Բաքու պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր։