5-րդ շարասյան վերաբերյալ թեզը ԶՈւ–ում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է. Տոնոյան

Դավիթ Տոնոյանը դատարանի դահլիճում. Արխիվային լուսանկար
Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ պետք է սպասել Փաշինյանի խոստացած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաև նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ նետված թեզը ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է: Նման կերպ է արձագանքել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Փաշինյանն իր մարտի 14-ի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է «5-րդ շարասյուն»: Տոնոյանն արձագանքել է հենց այս հայտարարությունը մեկնաբանելու լրատվամիջոցների խնդրանքին, իսկ փաստաբանական խումբը ստացված հարցերը միավորել է մեկում։
«Չգիտեմ՝ ՀՀ վարչապետը որևէ շարասյան գոյության ապացույց ունի, թե ոչ, բայց, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ իր գնահատականները հիմնված են փաստերի վրա: Համոզված եմ, որ պետք է դադարեցնել նշված քաղաքական շահարկման հանրային քննարկումը և սպասել իր նշած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաև նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը»,–ասել է Տոնոյանը։
Հարցին, թե Փաշինյանը երբևէ ասե՞լ է, որ զինված ուժերում «հինգերորդ շարասյուն» կա` Տոնոյանը պատասխանել է, որ այդպիսի ակնարկ անգամ չի եղել: Նա նշել է նաև, որ թեմայի քննարկումն անընդունելի է իր համար։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը վերջիններս նաև կալանավորվել են։