ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը չի դիմի Սահմանադրական դատարան դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով։ Փակ գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ 107-պատգամավորից մասնակցել է 30-ը։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենց պատգամավորներից մի քանիսը գործուղման մեջ են, սակայն մյուսները մասնակցել են քվեարկությանը։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` կողմ` 30, դեմ` 0, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
Նշենք, որ Սահմանադրական դատարան կարելի է դիմել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով (63 պատգամավոր) ընդունված որոշմամբ։
Մինչ այս ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ իրենք չեն մասնակից քվերակությանը, քանի որ ներկայացված մեղադրանքները լեգիտիմ չեն համարում։
Նախագիծը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը` փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումի հիման վրա։
Ընդդիմությունը Սեդա Սաֆարյանին մեղադրում է ՍԴ դատավոր եղած ժամանակահատվածում ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ։ Սաֆարյանը 1994 թվականի օգոստոսի 11-ից մինչ 2023 թվականի հունվարի 27-ը գրանցված է եղել որպես «Սեդա Սաֆարյան Սերյոժայի» ԱՁ, սակայն նա ՍԴ դատավոր ընտրվել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, պաշտոնն էլ ստանձնել է դեկտեմբերի 10-ին։