ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ռիկսդագում (Շվեդիայի միապալատ խորհրդարան) այսօր տեղի կունենան ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ քննարկումներն ու քվեարկությունը։
Ինչպես նշվում է խորհրդարանի կայքում, Ռիկսդագի հավանությունն անհրաժեշտ պայման է ՆԱՏՕ–ին անդամակցելու համար:
Անցյալ շաբաթ արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեն Ռիկսդագին առաջարկել էր հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության կարգավիճակի մասին համաձայնագրին, որը կարգավորում է իմունիտետի և արտոնությունների հարցերը ՆԱՏՕ-ի և նրա աշխատակիցների համար:
Հաղորդագրության համաձայն՝ կոմիտեն համաձայն է երկրի կառավարության այն դիրքորոշմանը, որ ինչպես Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներում, պատճառ չկա խաղաղ ժամանակ Շվեդիայի տարածքում միջուկային զենք կամ մշտական բազաներ տեղակայելու:
ՆԱՏՕ-ին անդամակցելը որոշակի դեպքերում կպահանջի փոփոխություններ կատարել «Օպերատիվ ռազմական օգնության մասին» օրենքում և «Անձեռնմխելիության և արտոնությունների մասին» օրենքում:
Ձախ կուսակցությունը և շրջակա միջավայրի պաշտպանության կուսակցությունը չեն աջակցում Շվեդիայի անդամակցությանը դաշինքին:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսի 17-ին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտ են ներկայացրել, 30 երկրներից միայն երկուսը ՝ Թուրքիան և Հունգարիան, չեն վավերացրել այն։ Բուդապեշտում և Անկարայում հայտարարել են, որ պատրաստ են վավերացնելֆիննական, բայց ոչ շվեդական հայտը։