ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսով ՌԴ-ի իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է հացահատիկային գործարքը» հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական ռազմական գերատեսչությանը։
«Բանակցությունների ընթացքում բավարարվածություն է արտահայտվել համաշխարհային պարենային ճգնաժամի լուծման հարցում մեծ ներդրում ունեցած հացահատիկային նախաձեռնության ընդլայնման հետ կապված համագործակցության և հացահատիկի անխափան մատակարարման վերաբերյալ», – հայտնել է Թուրքիայի ՊՆ–ն։
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։
Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասը արտահանում է դեպի իր պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ։