Մեր գերնպատակն է մինչև 2030 թվականը տուբերկուլյոզի դեպքերը հասցնել նվազագույնի.Պողոսյան

Արխիվային լուսանկար
Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ մասնագետներն անդրադարձել են Հայաստանում հիվանդացության տարածվածությանը, իրականացվող ծրագրերին ու ոլորտի խնդիրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Հայաստանը մի քանի տարի է՝ դասվում է այն երկրների շարքին, որտեղ տուբերկուլյոզի դեպքերը նվազում են, սակայն կորոնավիրուսի բռնկումից հետո տուբերկուլոզի իրական թվերը «ծածկվել են» քովիդի թվերի տակ։ Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրվան` մարտի 24–ին ընդառաջ, տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ, բժիշկ Կարեն Պողոսյանը։
«Մեր գերնպատակն է մինչև 2030 թվականը տուբերկուլյոզով վարակման դեպքերը հասցնել նվազագույնի, որպեսզի կարիք չլինի այն որպես առանձին հիվանդություն առանձնացնելու։Դրա համար պետք է մեր բոլորիս համատեղ ջանքերը»,–ասաց նա։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը համալրվել է նորագույն ռադիոգրաֆիկ սարքով
Պողոսյանի խոսքով` 2020-21 թվականներին տուբերկուլյոզի իրական ցուցանիշները «թաքնվել էին» կորոնավիրուսի համավարակի թվերի տակ, քանի որ հերձումներ չէին կատարվում։
2021 թվականին աշխարհում 10 միլիոն մարդ վարակվել է այդ հիվանդությամբ, որի հետևանքով 1.5 մլն մարդ մահացել է։ Հայաստանում 2021 թվականին հայտնաբերվել է տուբերկուլյոզի 580 դեպք, մահացել է 19 անձ, իսկ 2022 թվականին հայտնաբերվել է հիվանդացության 570 դեպք, մահացել է 27 մարդ։
Նախորդ տասնամյակի համեմատ տուբերկուլյոզով վարակվելու դեպքերը 42 տոկոսով նվազել են։

«Եթե տարիներ առաջ ստացիոնար բուժում էր ստանում 300-350 պացիենտ, այժմ բուժվում է ակտիվ տուբերկուլյոզով 56 պացիենտ, որոնցից վարակակիր են (բացիլազատող) միայն 25–ը»,–ասաց նա։

Պողոսյանը հիշեցրեց, որ եթե տուբերկուլյոզով հիվանդը բացիլազատող չէ, նա շրջապատի համար վտանգավոր չէ և կարող է վերադառնալ իր բնականոն կյանքին՝ շարունակելով բուժումը։
Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ իրենց գլխավոր խնդիրն է ոչ միայն աջակցել հիվանդներին և նրանց ընտանիքներին, այլև հոգեբանների, կամավորների ներգրավմամբ անել ամեն ինչ, որպեսզի մարդը չհոգնի, չհրաժարվի երկարատև բուժումից, որը կարող է տարիներ տևել ։
Տուբերկուլյոզը շատ տարածված բակտերիալ հիվանդություն է ամբողջ աշխարհում, տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիմնականում թոքային ձևն է հանդիպում , արտաթոքայի դեպքերն ավելի քիչ են և շատ ուշ են հայտնաբերվում, եթե համապատասխան մասնագետի չեն դիմում։ Հիվանդության ախտանշաններից են հազը, որի ժամանակ հիվանդի թքի մեջ կարող են նկատվել արյան հետքեր, կարճ ժամանակում քաշի կորուստը։
Հիշեցնենք, որ Հայաստանում տուբերկուլյոզի հայտնաբերման պահից սկսած բուժման ողջ ընթացքն անվճար է։