ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Սիրիայի Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը Իսրայելի օդուժի հրթիռային հարվածից հետո։ Տեղեկությունը Telegram-յան ալիքում հայտնում է Սիրիայի տրանսպորտի նախարարությունը։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի տարածքին։ Հարձակումն իրականացվել է Միջերկրական ծովից։
Հարվածի հետևանքով վնասվել են թռիչքուղին և նավիգացիոն սարքավորումները։
«Օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը, մինչև վերանորոգման աշխատանքների ավարտը»,- ասվում է տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հալեպի օդանավակայանից նախատեսված բոլոր թռիչքները կիրականացվեն Դամասկոսի և Լաթաքիայի օդանավակայաններից։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել էին Հալեպի միջազգային օդանավակայանի վրա, ինչի հետևանքով վնասվել էին թռիչքուղին և ռադիոտեղորոշիչը։ Օդանավակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր, ինչի հետևանքով արտասահմանյան երկրներից չէին կարողանում մարդասիրական բեռներ առաքել Հալեպ։