Հայկական ընկերությունը պատրաստվում է էլեկտրամոբիլների գերարագ լիցքավորման կայան գործարկել

Էլեկտրամոբիլների լիցքավորման միջին հզորության կայան
Ընկերությունը 150 կՎտ հզորությամբ մշտական հոսանքով լիցքավորման կայանի մոդել է պատրաստում, որը կարող է միջին հզորությամբ մեքենան լիցքավորել մոտ 20 րոպեում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայկական «Evan» ընկերությունը պատրաստվում է էլեկտրամոբիլների գերարագ լիցքավորման կայան գործարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ընկերության տնօրեն Հակոբ Գևորգյանը։
Ձեռնարկությունն արդեն արտադրում է պակաս հզոր սարքեր, որոնք աշխատում են փոփոխական հոսանքով ՝ շարժական (3,5 կՎտ հզորությամբ) և ստացիոնար (7, 11 և 22 կՎտ)։ Առաջինն օգտագործվում է վարդակից լիցքավորելու համար, երբ մոտակայքում կայան չկա, երկրորդը, որն ավելի հզոր է (7-ից 22 կՎտ), ամրացվում է պատին (մասնավոր տներում, ավտոտնակներում, սրճարաններում կամ ավտոկայանատեղերում):
Կոմերցիոն լիցքավորման համար (ոչ թե որպես ավտոկայանատեղիի կամ սրճարանի հավելում, այլ անկախ ծառայություն) արտադրվում են 30 կՎտ հզորությամբ կայաններ, որոնք կարող են միաժամանակ երկու մեքենա լիցքավորել:
«Վերջերս մենք նաև բջջային հավելված թողարկեցինք, որի միջոցով մեր հաճախորդները կարող են լիցքավորման ժամեր ամրագրել և վճարումներ կատարել»,-ասաց Գևորգյանը:
Այժմ ընկերությունը 150 կՎտ հզորությամբ մշտական հոսանքով լիցքավորման կայանի մոդել է պատրաստում, որը կարող է միջին հզորությամբ մեքենան լիցքավորել մոտ 20 րոպեում։
Մոդելի նախատիպերն արդեն փորձարկվում են, հետագայում նախատեսվում է թողարկել նաև ավելի փոքր մոդիֆիկացիաները՝ 120 և 40 կՎտ հզորությամբ։
Հայկական «Evan» ընկերության էլեկտրամոբիլների գերարագ լիցքավորման կայանի նախագիծ
Հաջորդ քայլը սկուտերների և անվասայլակների համար լիցքավորիչ ստեղծելն է: Նախագիծը քննարկվում է մեկ այլ հայկական ընկերության՝ «Qayl Med»-ի հետ, որը էլեկտրական շարժիչով սայլակի մոդել է ստեղծել։
Ընկերությունն ընդհանուր առմամբ արդեն ավելի քան հարյուր հատ ցածր հզորության սարք է վաճառել և մոտ 10 լիցքավորման ստացիոնար կետ տեղադրել, ընդ որում՝ այս տարի ցանկանում է ավելացնել դրանց թիվը։

«Մենք արտահանման թեմայով քննարկումներ ենք անցկացնում նաև արևային կայանների արտասահմանյան օպերատորների և դևելոփերների հետ, որոնք իրենց բնակելի կամ գրասենյակային համալիրներում էլեկտրական ավտոմեքենաների համար ենթակառուցվածքներ են տեղադրում։ Արտերկիր դուրս գալու համար մենք հիմա աշխատում ենք եվրոպական և ամերիկյան սերտիֆիկացում ստանալու ուղղությամբ»,-հավելեց Գևորգյանը։

Ընկերությունն իր մշակումները վերջերս ներկայացրեց «DigiTec» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսում, որն ամեն տարի կազմակերպում է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE):
Հայաստանում կհեշտացնեն էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի աշխատանքը