ԵԽԽՎ-ում հայտարարություն է ընդունվել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ

ԵԽԽՎ. Արխիվային լուսանկար
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցն արդեն մի քանի անգամ բարձրացվել է ԵԽԽՎ–ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ԵԽԽՎ-ում նոր հայտարարություն է ընդունվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Րոպեներ առաջ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունեց հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ»,– գրել է Վարդանյանը։
Նշենք, որ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն արդեն մի քանի անգամ բարձրացվել է ԵԽԽՎ-ում։ Վերջին անգամ փետրվարի 24-ին Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) ԵԽԽՎ-ում հայտարարեցին, որ Լաչինի միջանցքով ազատ շարժը պետք է պահպանվի` համաձայն 2020–ի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Նրանք փետրվարի 17–19–ը այցելել էին մեր երկիր։
Համազեկուցողները ԵԽԽՎ բոլոր անդամներին և վերջիններիս երկրների խորհրդարաններին կոչ էին արել միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու իրենց կոչին։ Նրանք նշել էին, որ իրենց եզրակացությունների մասին կհայտնեն ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեին։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։