ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնի շարունակական օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ բանակցություններում։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
«ԱՄՆ–ն հանձնառու է մնում այս հարցում: Ակնհայտ է, որ սա արվում է պետքարտուղար Բլինկենի հանձնառության միջոցով, երբ դեսպան Ռիքերն էր իր աշխատանքով առաջնորդում այս պորտֆոլիոն, իսկ այժմ էլ՝ Լու Բոնոյի աշխատանքի միջոցով»,-ասել է Պատելը:
Պատելին հարցրել են նաև, թե արդյոք Բլինկենն Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը։ Ի պատասխան Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասները ներկայացնել չի կարող: Միաժամանակ, նա հավելել է, որ գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ շփումների ժամանակ պարբերաբար բարձրացնում են մարդու իրավունքների հետ կապված հարցերը։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցը։ Փաշինյանն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր է քննարկել։
Հաջորդ օրը Բլինկենը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։