Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգ կա թե՛ ՀՀ–ի, թե՛ ԼՂ–ի դեմ. Միրզոյան

Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
Արարատ Միրզոյանը նշեց, որ նոր ագրեսիայի վտանգ կա` անկախ բանակցություններից, այդ բանակցություններում ՀՀ կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգ կա։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով էսկալացիայի առկայության մասին հարցին։
«Ադրբեջանի կողմից ագրեսիայի վտանգ մշտապես կա` անկախ բանակցություններից, այդ բանակցություններում ՀՀ կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից։ Այս օրերին, երբ ականատես ենք սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ կա թե՛ ՀՀ–ի, թե՛ ԼՂ–ի դեմ։ Ի դեպ, ԼՂ-ի դեպքում էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության դրսևորումների տեսքով է այդ վտանգը»,–ասաց Միրզոյանը։
Միաժամանակ, Միրզոյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված նոր հայտարարությանը` ասելով, որ այն անհրաժեշտ էր։
Նրա խոսքով` միջազգային հանրությունն այստեղ անելիք ունի և պետք է ավելի գործուն միջոցներ կիրառեն այդ ուղղությամբ:
«ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումներն իրավական առումով պարտադիր են, իսկ չկատարման դեպքում պետք է հետևանքներ բխեն` այլապես միջազգային հարաբերությունների համակարգը չի աշխատի ընդհանրապես»։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։