Վերելք կհաղորդենք հայ–իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի ղեկավարներին

Նիկոլ Փաշինյանի և Էբրահին Ռայիսիի հանդիպումը Իրանում. Արխիվային լուսանկար
Իր ուղերձում ՀՀ վարչապետն անդրադարձել է հայ–իրանական բազմադարյա հարաբերություններին և դրանց ներկայիս մակարդակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ, հայտնում են կառավարությունից:
«Մաղթում եմ, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի համար նշանավորվի յուրատիպ հաջողություններով և խաղաղությամբ»,–ասված է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում։
Փաշինյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ականատես կլինենք երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը, որը խթան կդառնա մեր բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու աճին՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում էլ Փաշինյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների պատմամշակութային բազմադարյա հարուստ փորձը յուրատիպ հիմք է ներկայիս բարեկամական մթնոլորտի, բազմատարր փոխգործակցության և հայ ու իրանցի բարեկամ ժողովուրդների միջև ջերմ շփումների համար:
«Աներկբայորեն կարող եմ նշել, որ շարունակելով համագործակցության անշեղ ուղին՝ ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների բարեկեցության»,–ասել է ՀՀ վարչապետը:
Նա Իրանի նախագահին մաղթել է նորանոր հաջողություններ և քաջառողջություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն։