Նոր վտանգներ Արցախի համար. Գերագույն հոգևոր խորհուրդը դիմել է միջազգային կառույցներին

Գերագույն հոգևոր խորհուրդ
Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի որոշման հանդեպ բացահայտ անհարգալից մոտեցման հանդուրժումը խորը հուսախաբություն է առաջացնում միջազգային արդարադատության նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը ՄԱԿ-ի, Եվրախորհրդարանի և Եվրամիության պատկան կառույցներին, պետությունների ղեկավարներին ու կրոնական առաջնորդներին կոչ է անում հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի վճռի կատարմանը։ Այս հայտարարությունը տարածել է Գերագույն հոգևոր խորհուրդը` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ։
«Տարակուսանք ենք արտահայտում, որ հակառակ միջազգային հանրության, վերջինիս իրավասու և ազդեցիկ կառույցների կողմից ճանապարհը բացելու վերաբերյալ կտրական պահանջներին՝ առ այսօր արգելափակումը շարունակվում է»,– ասված է հայտարարությունում։
ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը փետրվարի 22-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Իսկ Եվրոխորհրդարանի վեհաժողովի Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կյանքի կոչել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը:
«Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի որոշման հանդեպ բացահայտ անհարգալից նման մոտեցման հանդուրժումը սաստկացնելու է հումանիտար ճգնաժամը, նոր վտանգներ է ստեղծելու Արցախի ավելի քան 120.000 բնակչության կյանքի համար, ստեղծելու է միջազգային դատական ատյանների վճիռները կոպտորեն շրջանցելու աններելի նախադեպ, միաժամանակ խորը հուսախաբություն առաջացնելով միջազգային արդարադատության նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Գերագույն հոգևոր խորհուրդը նշել է, որ հակառակ Արցախում տեղակայված խաղաղապահ անձնակազմի ներդրած ջանքերի՝ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունների հետևանքով ոտնահարվում են մարդկանց՝ երեխաների, կանանց և ծերերի կյանքի, բուժում ստանալու, տեղաշարժի և հիմնարար մյուս իրավունքները:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։