ՌԱԴԻՈ

Նովրուզը Հայաստանում նշելը թանկացել է. Ապրեսյան

Ապրեսյանի խոսքով` Իրանից արտագնա զբոսաշրջությունը ոչ միայն դեպի Հայաստան, այլև բոլոր ուղղություններով նվազել է։
Sputnik
Իրանցիների համար Հայաստան այցելելը թանկացել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` անդրադառնալով Նովրուզի օրերին իրանցի զբոսաշրջիկների թվի նվազմանը։
«Պատճառը Հայաստանում դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի շեշտակի արժևորումն է, իսկ Իրանում ընդհակառակը` կա ինֆլյացիա։ Սա բավական թանկացնում է այցելությունը Հայաստան իրանցիների համար»,–նշեց Ապրեսյանը։
Նրա խոսքով` հիմնականում այցերի պակասը սրանով է պայմանավորված, այլ ոչ թե իրանցիների կողմից ՀՀ–ի նկատմամբ հետաքրքրությունը կորցնելով։
Այս համատեքստում Ապրեսյանը հիշեցրեց, որ 2022 թվականին ավելի քան 115 հազար այց է եղել Իրանից, որը 25-27 տոկոսով գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը։
«Նախորդ տարի մարտ ամսին Երևանի հյուրանոցներում տեղեր չկային, և այս սեզոնին ակտիվությունը մեծամասամբ ապահովել են իրանցիները, սակայն այս տարի պատկերն այլ է։ Չնայած այնպես չէ, որ դատարկ են հյուրանոցները, ունենք նաև այլ երկրներից այցելություններ` ՌԴ–ից և այլ նպատակային շուկա հանդիսացող երկրներից»,–նկատեց նա։
Վերելք կհաղորդենք հայ–իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի ղեկավարներին
Այնուամենայնիվ իրանցիների պասիվությունը ոչ միայն ՀՀ այցով է դրսևորվել։ Ապրեսյանի կարծիքով` Իրանից արտագնա զբոսաշրջությունը բոլոր ուղղություններով նվազել է։
Ֆեդերացիայի նախագահը կարևորում է իրանցի զբոսաշրջիկներին Հայաստանը ավելի գրավիչ դարձնելու և այցելությունները ակտիվացնելու համար համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելը ինչպիսին, օրինակ, օգոստոսին սպասվող հայ–իրանական «Նավասարդ» փառատոնն է։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստան է եկել ընդհանուր 1 665 000 զբոսաշրջիկ։
Հավելենք, որ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ը, համարվում է նոր տարվա սկիզբ ու կոչվում է Նովրուզ։