ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ ազգային ժողովում այսօր ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթի ժամանակ, երբ նա քննադատում էր «Հայաստան» դաշինքի անդամներից մի քանիսին, ինչպես նաև նախկին վարչապետներին ու նախագահներին, իրավիճակը լարվեց և վիճաբանություն եղավ։
Ալեքսանյանը,դիմելով բաց դռների օրվա շրջանակում ԱԺ–ում ներկա գտնվող դպրոցականներին, նշեց, որ խորհրդարանում դեռ շատ կլսեն այնպիսի մարդկանց, որոնք սիրում են իրենց ձեռքերը տաքացնել ուրիշների թափած արյան վրա, այնպիսի անձանց, որոնք քարկոծում են խաղաղությունը, բայց հարստացել են բանակի հաշվին։
«Շատ են նաև այն անձինք, որոնք իրենց շեֆերի փաստաբաններն են, այն շեֆերի, որոնք ծակ գրպաններով եկել են Երևան, բայց հիմա դոլարով միլիոնատերեր ու միլիարդատերեր են»,– նշեց ՔՊ-ական պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորներին սա բարկացրեց, ինչին ընդդիմադիր Ասպրամ Կրպեյանն արձագանքեց, ասելով` դատե՛ք, Ալեքսանյանն էլ վստահեցրեց, որ դատում են ու հենց իրենց թիմակիցների ապօրինի գույքի հետ կապված օրական 4-5 հայցադիմում դատարան է ուղարկվում։
Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր` Գեղամ Նազարյանն էլ պահանջեց, որպեսզի Ալեքսանյանը խոսի Արցախի, 44-օրյա պատերազմի մասին, որպեսզի երեխաներն այդ մասին էլ իմանան ու լսեն։ Այս խոսքերից հետո ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը Նազարյանին և Կրպեյանին զրկեց այսօրվա նիստի ընթացքում ելույթ ունենալու իրավունքից։