309 անձ Հայաստանից անհայտ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով. ԿԽՄԿ

ԿԽՄԿ մեքենաները Սյունիքում. Արխիվային լուսանկար
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հայ–ադրբեջանական հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2022-ին ավելի քան 1550 բանավոր, տեսաձայնային և գրավոր հաղորդագրություններ է փոխանցել արցախյան և հայ–ադրբեջանական հակամարտությունների առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին, տեղեկանում ենք կոմիտեի տարեկան ամփոփիչ զեկույցից։
Նշվում է, որ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։
«Շարունակել ենք այցելել 2020 և 2021 թթ.-ի հակամարտության սրացումների առնչությամբ ազատազրկված այն անձանց, որոնց ազատազրկման փաստը հաստատվել է համապատասխան իշխանությունների կողմից։ Այցելությունների ընթացքում մշտադիտարկել ենք նրանց հանդեպ վերաբերմունքն ու ազատազրկման պայմանները, նպաստել ընտանիքների հետ կապի վերահաստատմանը։ Իշխանությունների համաձայնությամբ՝ ազատազրկված անձանց կապն ընտանիքների հետ պահպանվել է Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի, բանավոր և տեսաձայնագրված հաղորդագրությունների միջոցով»,–ասված է զեկույցում։
Նշվում է նաև, որ կապն ընտանիքների հետ մեծ հուզական աջակցություն է ազատազրկվածների ու նրանց ընտանիքների համար, հաճախ նաև միակ ապացույցը, որ իրենց հարազատը ողջ է։
Միաժամանակ, նշենք, որ ԿԽՄԿ–ն 2022-ին ավելի քան 6000 զանգ և այց է ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի գրասենյակում: 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով և բացել որոնման հայտեր։ 63 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։
Բացի այդ, 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ–ի` 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանից անհետ կորած էր համարվում 303 անձ: