Արևմուտքն ակտիվ աշխատում է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տապալելու համար. Լավրով

ՌԴ ԱԳՆ
Սերգեյ Լավրովի խոսքով` այդ ձևաչափի դեմ ուղղված գործունեության հետ մեկտեղ, Արևմուտքն աշխատում է նոր «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Արևմուտքն ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տապալելու ուղղությամբ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի և այլ երկրների հետ տարածաշրջանում առաջ է տանում այդ ձևաչափը։ Վրացական կողմը դեռ մտածում է միանալու մասին, և Թբիլիսիի համար դռները բաց են, չնայած նախորդ առաջին հանդիպմանը։ Այժմ մասնակիցները մտածում են երկրորդը կազմակերպելու մասին։
«Արևմուտքն արդեն ակտիվ աշխատում է այս կառույցը քայքայելու ուղղությամբ, որը նոր է սկսել ծավալվել։ Արևմուտքը փորձում է հարավկովկասյան 3 հանրապետություններին պարտադրել ԵՄ–ի և ԱՄՆ–ի ծառայությունները։ Այդպիսով նա ներկայացնում է իր հավակնությունները` պնդել սեփական գերիշխանությունը ամենուր, իր սահմաններից հեռու` ուղղակիորեն ոտնահարելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի 3 ամենամոտ հարևանների օրինական շահերը։ Նկատի ունեմ Թուրքիային, Իրանին և Ռուսաստանին»,– նշեց Լավրովը։
Աշխարհաքաղաքական այս մտահղացումներին զուգահեռ, Արևմուտքին ֆինանսապես աջակցում են տարբեր ՀԿ–ներ, որոնք զբաղվում են միջոցառումներով, նոր «գունավոր հեղափոխության» նախապատրաստմամբ։ Այդ բոլոր ՀԿ–ները հայտնի են։
Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում դժվար թե անցկացվի. Վարդանյանը թվարկում է պատճառները
«Նրանք հրապարակավ պաշտպանում են Արևմուտքի շահերը` փորձելով վարկաբեկել Ռուսաստանի և Իրանի գործողությունները։ Ուստի Հարավային Կովկասի շուրջ երկխոսության զարգացման, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային օրակարգի այլ հարցերի մեծ մասի ոչ մի հնարավորություն և անհրաժեշտություն չեմ տեսնում»,– նշեց Լավրովը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։