Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ կմեկնի Գերմանիա

ԱԺ նախագահն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի անդամներին` զրուցելով ԵՄ նոր առաքելության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Ինչպես հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը, Սիմոնյանն այդ մասին հայտնել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Սիմոնյանը Գերմանիայի կառավարությանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում նոր` ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար և համոզմունք է հայտնել, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործում:
Բացի այդ, հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, Լաչինի ճգնաժամի հետևանքները:
«2023-ի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների` երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»,- նշել է Սիմոնյանը:
Նա ընդգծել է, որ ակնկալում է գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում` ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը:
Հիշեցնենք` փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
«ԵՄ ներկայացուցիչները խորամանկում են». Զախարովան` Հայաստանում առաքելության մեկնարկի մասին